Array ( [mr_id] => 76684 [mr_node] => 70460 [mr_media] => 72092 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72092 [media_album] => 1 [media_path] => media/2018/10/72092.jpg [media_name] => Էրեբունի 1968.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-10-21 14:29:56 )
Facebook Instagram Youtube
Իրական պատմություն. Էրեբունի-Երևանի 2750-ամյակի հանդիսությունը քաղաքական տոն էր
Երևանի 14 տարվա օրհներգն առաջին անգամ հնչեց այդ օրը` 50 տարի առաջ, Հաղթանակի զբոսայգում, 2750-հոգանոց երգչախմբի կատարմամբ: 1968-ին ամեն ինչն էր պտտվում 2750-ի շուրջ, երբ առաջին անգամ տոնեցինք Էրեբունի-Երևանը: Ազգովի:

Էրեբունի Երևան ասում ենք՝ Գրիգոր Հասրաթյա՛ն հասկանում: Եղբոր` Երևանի 13 տարվա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասին խոսելիս, Մուրադ Հասրաթյանը բացահայտում է դրվագներ, որոնց մասին գիտեն քչերը, որոնց մասին չի խոսվել գրեթե կես դար, և որոնց մասին համեստորեն լռել է քաղաքի լեգենդ անունը ստացած քաղաքապետը: Օրինակ՝ այս եզակի պատմական հարցազրույցում:

Հարց - Շատերը չգիտեն, որ քաղաքի 2750-ամյակի տոնակատարությունը կապված է Ձեզ հետ, Ձեր անվան հետ: 

Գրիգոր Հասրաթյան - Թողնում եմ դա մի կողմ: 

Հարց - Գաղափարը ձերն էր: 

Գրիգոր Հասրաթյան - Թողնում եմ մի կողմ: Գաղափարը գալիս է լեզվագետ, պատմագետ Մորուս Հասրաթյանից: Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը, պետք է նշել:

Հայտնի պատմաբան Մորուս Հասրաթյանը Մուրադ Հասրաթյանի հայրն է: Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի հետ աշխատած ճարտարապետը հիշում է բոլոր մանրամասները` ինչ փուլերով անցան, որ ապացուցեն` Երևանը 2750 տարեկան է` հնագույնը Սովետական միությունում: Եվ եթե Մոսկվան նշում էր 800-ամյակը, Թբիլիսին` 1500, ինչու մենք չնշենք 2750-ը:

- Վրացիները նախանձից դիմեցին Մոսկվա, որ դա հնարովի հոբելյան է, որ Արգիշտիի արձանագրությունների վրա ոչ մի թվական չկա: Մոսկվան, ճշտելու համար, ուղարկեց մասնագետ Բորիս Պիոտրովսկուն: Նա Ուրարտուի գծով մասնագետ էր և պատասխանել է, որ, այո՛, ...2750 տարեկան է, - հիշում էր Մորուս Հասրաթյանը:

Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք, շեշտելով` մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է: Եվ նրա ղեկավարած Երևանն իր առաջին տոնին ներկայացավ այն մթնոլորտով ու կերպարով, ինչին նա ձգտում էր պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Եվ ինչի մասին խոսում էր բաց ճակատով:

- Քաղաքը պետք է իր մթնոլորտով, կենցաղով, բարոյական կերպարով այնպիսին լինի, որ մարդն իրեն ոգևորված զգա և բարձր տրամադրությամբ, ինչը հսկայական նշանակություն կունենա բոլոր բնագավառներում: Եվ մարդը որքան էլ որ հատուցի իր պարտքը երախտագիտական, մինչև վերջ էլ պարտքի տակ մնա, - նշում էր Գրիգոր Հասրաթյանը:

Երևան-2750-ը` համազգային տոնախմբությամբ, հավերժացվեց վավերագրական ֆիլմերում: Հնագույն մայրաքաղաքը ներկայացավ մի քանի տասնյակ նորագույն կառույցներով, նոր թանգարաններով, վերակառուցված Էրեբունի ամրոցով, լճերով ու ջարավազաններով: Քաղաքապետը խնդիր էր դրել փոխել մայրաքաղաքի կլիման: Քչերին է հայտնի նաև, որ հենց քաղաքապետ Հասրաթյանի գաղափարն էր` շատրվանները դարձնել երգող: Եվ կարողացավ խորհրդային վերնախավին համոզել ու կառուցել նաև 2750 շատրվաններով պուրակը` նույնիսկ դիմադրությունների պայմաններում:

 -Այն ժամանակ շատ բարդ էր, բայց գտան մասնագետ, արեցին: Սովետ Միությունում տարածվեց` Երգող շատրվաններով Երևան, - հիշում է Մուրադ Հասրաթյան: 

 -Կային նախանձողներ: Որոշ մարդիկ Պետկոմ նամակ գրեցին, որ շատրվանների ջուրը կներծծվի «Արմենիա» հյուրանոցի նկուղները, հնարավոր է փլուզումներ լինեն, - նկատում է Գուրգեն Մուշեղյանը:

68-ի հոկտեմբերին` տոնակատարությունից առաջ, Հասրաթյանի աշխատասենյակի դուռը չէր փակվում: Քաղաքապետը անընդհատ նոր գաղափարներ ու մտահղացումներ էր լսում քաղաքացիներից: Ամբողջ քաղաքն ու նույնիսկ Հայաստանն էր մասնակցում կարևոր տոնի կազմակերպմանը:

Գրիգոր Հասրաթյան - Իջևանից երկու գորգագործ կանայք եկան իմ աշխատասենյակ` դուռը բաց էր, այդ օրերին պետք էր բաց լինել, բերեցին առաջին գորգը «Էրեբունի» և փռեցին քաղսովետի աշխատասենյակում

Հարց - Պետավտոտեսչության ղեկավարությունը ձեր պետական մեքենայի համարները փոխեց, դարձրեց 2750:

Գրիգոր Հասրաթյան - Ճիշտ է: «Երազ» գործարանը միկրոավտոբուս նվիրեց Քաղսովետին: Երևանցին օտարի մոտ հպարտությամբ ասում էր, որ 2750 տարեկան է: 

Քաղաքացիները մեկը մյուսի հետևից զանգում էին քաղաքապետին ու առաջարկում իրենց տներում տեղավորել մայրաքաղաքի հյուրերին: Երևանում հյուրանոցները քիչ էին, ստիպված էին արտասահմանյան պատվիրակություններին տեղավորել նաև գնացքներում:

- Լենինի պողոտայի բնակիչներից մեկը զանգեց հոկտեմբերի 17-ին` նախօրեին, ասաց. խնդրում եմ, 20 մարդ իմ տանը տեղավորել: Կհոգամ նրանց հարցերը: Ավելին չեմ կարող, կներեք: Արտակարգ հուզվեցի, - ասում էր  Գրիգոր Հասրաթյանը:

1968-ի հոկտեմբերի 18-ը վերածվեց համաժողովրդական տոնի: Մարդիկ իրենց տների, խանութների մոտ սեղաններ էին փռել, հյուրասիրում էին հյուրերին:

- Զարմացրեց համաժողովրդական վերելքը, նվիրվածությունը քաղաքին, զգացի այդ օրը, որ հասանք այն նպատակին, որ Երևանը պատվի հարգանքի մեծ արժանիք ստացավ, ճանաչողության ալիքը տարածվեց աշխարհով, Եվրոպայով, ԱՄՆ-ով, - հիշում էր Գրիգոր Հասրաթյան:

Գրիգոր Հասրաթյանը դա պատմում էր` «Անի» հյուրանոցի տանիքում: Այն պողոտայում, որը նա՛ բացեց ու անվանակոչեց Սայաթ-Նովա: Ու ճիշտ այն տեղում, որտեղ ժամանակին իր տունն էր, որը քանդեց` այդպիսի փողոց ունենալու համար: Սայաթ-Նովան կառուցեցին ազգովի, մտավորականների մասնակցությամբ, որոնց համար արվեստանոցներ էր բացում հենց Հասրաթյանը, էլիտայի ներգրավմամբ, որը հենց նա էր ձևավորել Երևանում:

- Ինքնաբուխ մասնակցեցին անվանի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետներ. անվանի արվեստագետները այդ փողոցի շինարարությանը մասնակցեցին: Մինաս Ավետիսյանը նվիրաբերեց իր ստեղծագործություններից մեկը` նվիրված սայաթ-նովայական թեմային, իր ձեռքով տեղադրեց փողոցի վերջավորության վրա շենքի պատին: Պետք է սրբությամբ պահպանել, - հիշում էր  Գրիգոր Հասրաթյանը:

- Իմ համար նա է առաջին քաղաքապետը: Իր 13 տարվա աշխատանքով Երևանը դարձավ մայրաքաղաք, -  Հասրաթյանի մասին ասում էԳուրգեն Մուշեղյանը: 

Էրեբունի-Երևան 2750-ի մասին խոսելիս` Գրիգոր Հասրաթյանն ասում էր` այդպիսի մթնոլորտով տոնակատարություն այլևս չի լինի: Գլուխգործոցը լինում է մեկ անգամ, Անլռելի զանգակատուն մեկ անգամ է գրվում: