Array ( [mr_id] => 84547 [mr_node] => 75263 [mr_media] => 75631 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75631 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75631.jpg [media_name] => 13462_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 15:53:35 )
Facebook Instagram Youtube
Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող փաստաթուղթ
Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում գործակցելու հեռանկարը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ տիկնոջ` Հո Չինի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորեց Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում: Սինգապուրի վարչապետի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է հայկական կողմի հետ ընդլայնել և զարգացնել առևտրատնտեսական կապերը: Նիկոլ Փաշինյանը, հատկապես կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը: Զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմանը կնպաստի Սինգապուրում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը:

Վարչապետերի հանդիպմանը հաջորդել է փաստաթղթերի ստորագրումը: Փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում գործակցության վերաբերյալ: Հայաստանն ու Սինգապուրը ստորագրեցին նաև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:

Սինգապուրի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչները հավաքվել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Սինգապուրի 1835-ին կառուցված ամենահին քրիստոնեական կառույցի հարակից նորաբաց այգում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը: Այն տեղադրվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ: 

«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը՝ դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ: Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայ ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի՝ Աշխեն Հովակիմյանի, որը ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են նաև Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների` վարչապետը ծաղկեպսակ է դրել «Հիշողության պարտեզում» կանգնեցված հայկական խաչքարի մոտ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Temasek Holdings հիմնադրամի ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի հետ: Temasek Holdings հիմնադրամը հաջողություններ է արձանագրել հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նիկոլ Փաշինյանը Նագի Համիյեյի տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: 

Նագի Համիյեն հայտնել է , որ Temasek հոլդինգը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ քննարկել գործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ ինժեներական կրթության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հեռանկարները: Temasek Holdings-ի ներկայացուցիչներն ընդունել են աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու հրավերը: