Array ( [mr_id] => 85612 [mr_node] => 75833 [mr_media] => 76108 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76108 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76108.jpg [media_name] => 316.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-06 17:26:31 )
Facebook Instagram Youtube
Միջազգային լրահոս. զինված բախում, պայթյուն զինապահեստում, զանգվածային ցույցեր և բեղերի փառատոն
Ազովում բախում է տեղի ունեցել հայերի ու ուկրաինացիների միջև: Մեկ հայ մահացել է: Ռյազանում՝ խոշոր վթար է տեղի ունեցել, բախվել են թեթև մարդատարն ու տաջիկների ավտոբուսը: Իդլիբում հրետակոծությունը վերսկսվել է: Հոնկոնգում էլ՝ վերսկսել են ցույցերը:

Ուկրաինայում զինված բախման հետևանքով հայ է մահացել: Ազովի առափնյա հանգստի գոտում վեճ է սկսվել ուկրաինացիների ու հայերի միջև: Հնչել են կրակոցներ, 2 մարդ, այդ թվում 37-ամյա հայը, դանակի հարված է ստացել: Նրան փրկել չի հաջողվել, վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փորձում է գնահատել Կրասնոյարսկի խոշոր զինապահեստում բռնկված հրդեհի վնասի չափը: Նախօրեի երեկոյան հրետանային ռազմամթերքի պահեստն այրվել էր, այնտեղ պահում էր 40 հազար հրթիռ: Հարակից բնակավայրերի բնակիչներին շտապ տարհանել են, 4 մարդ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Հրդեհը ժամեր անց մարել են:

Ռուսաստանի Ռյազանի շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել: Զոհվել է 7 մարդ, 8-ը հիվանդանոցում են: Տաջիկների տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մարդատարին: Վթարի պատճառը դեռ անհայտ է:

Սիրիայի կառավարական բանակը վերսկսել է Իդլիբի շրջանի հրետակոծությունը: Սա Սիրիայի ահաբեկիչների վերջին կազմակերպված հենակետն է: Իդլիբի ահաբեկիչների թիկունքին Թուրքիան է, որը փորձում է Ռուսաստանի հետ պայմանավորվել այս տարածքի ճակատագրի շուրջ: Իդլիբից ահաբեկիչները թիրախավորում են հարևան շրջանները, այդ թվում Հալեպն ու Լաթաքիայի ռուսական ավիաբազան:

Պակիստանը խստորեն դատապարտել է Հնդկաստանի կառավարությանը Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու համար: Նախօրեին Հնդկաստանը վերացրել էր պայթյունավտանգ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը, որի շուրջ բանակցություններն ընթանում էին դեռ 1950-ականներին: Հնդկաստանը նաև հավելյալ 180 հազար զինծառայող է տեղափոխել սահմանագոտի: Իրավիճակն այստեղ լարվում է:

Հոնկոնգում, չնայած վարչական շրջանի ղեկավարի զգուշացումներին, ցույցերը նոր թափով վերսկսվել են: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, արցունքաբեր գազ: Ցուցարարների թիվն աճում է: Անցած հանգստյան օրերին նրանք կաթվածահար էին արել ամբողջ շրջանը, կանգնել էր մետրոն, օդակայանում 200 չվերթ չեղարկվել էր: Ցույցերի առիթը մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մասին նոր օրենքն է, որը 2 ամիս առաջ բողոքի պատճառով չեղարկվել էր, մինչդեռ ցույցերը նոր թափ էին ստացել:

Սերբիայի Ռեկովաչ բնակավայրում անցկացվել է բեղերի փառատոն: Մրցույթը հաղթել է թոշակառու Զորան Լազարևիչը: Նրա բեղերի երկարությունը եղել է 140 սանտիմետր: Նա չէր սափրվում 2011 թվականից, երբ անցել էր թոշակի ու որոշել էր փոխել ոճը: Անցկացվել է նաև ամենաերկար հյուս մրցույթը՝ կանանց համար: Հաղթողի անունը, սակայն, տեղական լրատվամիջոցները չեն հայտնում:

Բանտից արտառոց փախուստի փորձ է տեղի ունեցել Բրազիլիայում: Կալանավորը իր 19-ամյա աղջկա հետ հանդիպումից հետո հագել է նրա շորերը, դեմքին ամրացրել հատուկ դիմակ՝ իր աղջկան նմանվելու համար, և փորձել է դուրս գալ կալանավայրից: Դա նրան գրեթե հաջողվել է և միայն վերջին դռների մոտ է հսկիչների մոտ կասկած առաջացել: Ըստ կալանավորի ծրագրի, ինքը պետք է հեռանար, իսկ իր 19 տարեկան դուստրը մնար իր փոխարեն բանտում:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հարյուրավոր մեղուներ են սատկել 5G բջջային կապի աշտարակի մոտ: Տեսանյութը համացանցում տեղադրած օգտատերը նշել է, որ մեղուների սատկելն ապացուցում է, որ նման հաղորդիչները սպառնալիք են մարդկության համար: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում 5G ցանցի զարգացման մասին կհայտարարի մոտ ապագայում: