Array ( [mr_id] => 85658 [mr_node] => 75879 [mr_media] => 76155 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76155 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76155.jpg [media_name] => middle_534cb59cfd396eb80f19c84b5ea7d466.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-10 16:56:12 )
Facebook Instagram Youtube
Անտիկ արվեստի շունչն ու ոգին կթևածի մինչև սեպտեմբերի վերջ
Հին Հռոմի գունեղ տեսիլները խորագրով ցուցահանդես է բացվել Ազգային պատկերասրահում, որը կտևի մինչև սեպտեմբերի վերջ: Ուշագրավ է, որ ցուցադրվող էքսպոնատներն առաջին անգամ են լքել Իտալիայի սահմանները: Հայաստան հասնելուց առաջ դրանք ներկայացվել են Բուլղարիայում:

Հռոմեական խճանկարների մասին խոսք բացվեց թե չէ, Իտալիայի դեսպանը Գառնու հեթանոսական տաճարն ու հայ վարպետներին հիշեց: Վինչենցո դել Մոնակոն հռոմեական մշակույթի անգին գանձերի ֆոնին հայ-իտալական մշակութային ընդհանրությունների մասին է խոսում: Ու հենց այդ պահին Ռավեննայի բազիլիկի ու դրա գմբեթի խճանկարների մասին պատմում:

Դեսպանը շեշտում է՝ հայերը վարպետներ են խճապատկերների արվեստում, բայց հռոմեացիներն էլ, մեղմ ասած, պակաս արհեստավարժ չեն: Ահա ապացույցը: Հավերժական քաղաքի ամենահին՝ Կապիտոլյան թանգարաններից Երևան են բերվել Իտալական արվեստի բացառիկ նմուշներ:

Այս խճանկարները առաջին անգամ են Իտալիայի սահմաններից դուրս եկել: Նախ ցուցադրվել են Բուլղարիայում, հետո դժվարին ճանապարհ անցնելուց հետո հասել Հայաստան: Ամբողջ ծախսը հոգացել է իտալական կողմը: Դեսպանատունը տրամադրել է ավելի քան 50 հազար եվրո, որ հայ արվեստասերը այս խճանկարներով հիանալու հնարավորություն ունենա:

Հռոմեական կայսրության շունչն ու ոգին Հայաստանում կթևածի մինչև սեպտեմբերի վերջ: Ազգային պատկերասրահում այցելուները այդ ընթացքում կկարողանան հիանալ մեր թվարկությունից առաջ ու դրանից հետո ստեղծված ու Երևանում ցուցադրվող 21 խճանկարներով: