Հայրավանքի, որ տան դուռը ծեծում ես, անասնապահ չկա: Բոլորը ամսից ավելի սարերում են: Այնտեղ հասնելու համար գյուղի ամենագնացն են գործի դնում: Ճանապարհը քարքարոտ է: Սարեր հասնելու համար ժամից ավելի պետք է գնալ:
Սովորաբար անասուններին պատվաստում են գարնանը՝ մինչև արոտավայր տանելը: Սակայն այս տարի պատվաստանյութը ուշ են ներկրել:
Կովերի անկման վերջին դեպքը մի քանի օր առաջ է եղել: Պատվաստելուց հետո՝ երբ հիվանդությունն արդեն սրվել էր: Անասնապահները սատկած անասուններին կամ թաղել են, կամ էլ շներին են կեր տվել:
Ամենաշատ թվով կենդանիներ կորցրել է Ռաֆիկ Բաղդասարյանը: Խշխշան պալար հիվանդությունից սատկել են նրա 4 հորթն ու 5 կովը: Հայրավանքի բնակիչը անասուններին ձեռք էր բերել վարկով:
Դեղերի խմբաքանակնը վերջացել է և չգիտեն, թե ինչպես են պայքարելու նոր վարակի դեպքում : Անասնապահները սպասում են, որ պետությունը փոխհատուցի:
Սննդամթերքի անվտանգության պետական մարմնի մասնագետի խոսքով, առայժմ չեն կարող ասել, անասունները սատկել են խշխշան պալար հիվանդությունի՞ց, թե ոչ:
Հիմա սպասում են, որ նոր դեպք գրանցվի և միայն այդ ժամանակ կպարզեն պատճառը: Սատկած կենդանիների դիմաց պետությունը փոխհատուցում չի կարող տալ, որովհետև այդպիսի ինստիտուտ չկա Հայաստանում և ծախսի ամբողջ բեռը միայն գյուղացու վրա է ընկնում: Տարիներ առաջ քննարկել են կենդանիների ապահովագրության խնդիրը:
Պատվաստանյութի ուշացման պատճառը դեռևս պարզ չէ: ՍԱՏՄ մասնագետի խոսքով, պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է: Ժամը լրատվականին նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ այս պահին նախարարությունում ոչ ոք չի կարող խոսել այս թեմայով: