Պայթյունից 11 օր անց քննչականը եռաչափ մոդելավորմամբ ցույց է տալիս՝ ինչ և ինչպես տեղի ունեցավ Սևան-Երևան մայրուղում: Ցուցադրվում է չգործող ռեստորանը, որտեղից էլ հեռակառավարմամբ գործի են դրել կամրջի տակ տեղադրված պայթուցիկը: ԿԱմրջի վրայով անցնում են գործարար Մելիք ՄԱնուկյանի Ռենջ ռովերն ու ուղեկցող մեքենան: Հստակ երևում է, որ վայրկյանների տարբերությամբ պայթյունը ուշ է տեղի ունեցել:
Բացահայտված սխեմա, որով Սահմանապահ զորքերի զինծառայողը խարդախությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերով գումար: ԱԱԾ-ն պարզել է, որ զորամասի ծառայողը, ծանոթացել, մտերմացել է երկու հոգու հետ, հետո առաջարկել կաշառքի դիմաց օգնել աշխատանքի տեղավորել ազգային անվտանգությունում: Անցած տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում նրանցից խաբեությամբ հափշտակել է 3 միլիոն դրամից ավելի։ Սահմանապահ Զորքերի ծառայողը կալանավորված է:
Առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել Հյուսիս-Հարավ ծրագրի գլխավոր կապալառու ընկերության տնօրենին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում: Քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ խարդախությամբ հափշտակված 1,8 մլն դոլարի մասին: Քննչականն ու ԱԱԾ-ն ծրագրում հայտնաբերել են նաև փողերի լվացման դեպքեր: Բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարը: Այդ դեպքերով էլ մեղադրանք է առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրեններին: Որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին ներգրավել որպես մեղադրյալ ու հայտարարել հետախուզում:
Սիրիա է ուղարկվել ռուս-հայկական մարդասիրական օգնություն: 9 բեռնատարներն ուղարկվել են մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցներով և նախատեսված են պատերազմից տուժած Սիրիայի բնակչության համար: Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ իրականացվելու է հետագա բաշխումը:
Քաղաքապետարանն այս շաբաթ «Սանիթեք»-ում մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն կսկսի: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ որոշվել է տուգանել Երևանն աղտոտող շինարարական մեքենաները և ուժեղացնել հսկողությունը: