Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ այն հուշաքարերի մոտ, որոնք Ադրբեջանի տարածքում կոտորված հայերի հիշատակն են ոգեկոչում, ծաղիկները խոնարհում են Գանձակի հայերը: Գանձակ գետը քաղաքը բաժանում էր հայկական ու թուրքական թաղամասերի: Թուրքականում էլ մոտ 5000 հայ էր ապրում: Հենց այստեղ՝ հայկական եկեղեցու մոտ է եղել ադրբեջանցիների առաջին հարձակումն ու սկսվել հայերի պաշտպանությունը: Ամեն ինչ տեսել ու ամենակազմակերպված ինքնապաշտպանությանը մասնակցել է Գրիգորի Օգանեզովը:
Իրենց բառերով ասած՝ հաջողվել է թուրքի թաղամասից տարհանել հայերին, տեղափոխել հայկական թաղեր ու փրկվել՝ տալով երեք տասնյակ զոհ, երբ Սումգայիթում սպանված հայերի թիվն անցավ մի քանի հարյուրը: Ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Ադրբեջանի տարածքից գաղթած հայերը հայտարարություն են տարածում:
Գլխավոր բողոքը մեկն է՝ իրենք, որպես Բաքվի ռեժիմի ցեղասպանական գործողություններից տուժած ինքնուրույն համայնք, որևէ կերպ ներկայացված չեն միջազգային փաստաթղթերում և հակամարտության կարգավորման բանակցություններում:
Ադրբեջանում պետական մակարդակով պլանավորված ջարդերից փրկվածները պահանջում են արձանագրել՝ այսօր էլ այդ երկիրը շարունակում է սպառնալիք լինել հայության և ամբողջ տարածաշրջանի կայունության համար: