Համացանցը 50 տարվա պատմություն ունի և արդեն նորագույն տեխնոլոգիա չի կարող համարվել: Հայաստանում ստեղծում են ապագայի համացանցը` ավելի արագ, հզոր, պարզ և անվտանգ: RINArmenia ծրագրի նպատակն է տեխնոլոգիան գործարկել Հայաստանում և մեր երկիրն այս ոլորտում առաջին փորձագիտական կենտրոնը դարձնել:
Ապագայի համացանցի նոր մոդելի վրա արդեն տասը տարի աշխատում են ներկայիս համացանցի հիմնադիրները: Հայաստանում ծրագրի սկիզբը տրվեց Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ: Այսօր արդեն մեկ տարվա արդյունքներն են ամփոփում:
Ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի: Ֆրանսիական համալսարանում ՌԻՆԱ դասընթացների ներածական մասն արդեն անցկացվել է: Հաջորդ տարի մի քանի համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան ՌԻՆԱ տեխնոլոգիայի մասին մասնագիտական գիտելիքներ ստանալ:
2020-ի տարեվերջին Հայաստանում միջազգային կոնֆերանս կանցկացվի: Վերջնական նպատակն էլ` ապագայի համացանցը փորձարկել Հայաստանում և տարածել աշխարհում: