Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով քաղաքապետ Մարությանի հայտարարությանը, որ Մուլտի Գրուպ ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացնում Աբովյան 5 հասցեում, այսօր խորհրդարանում հրապարակել է Հայկ Մարությանի ստորագրությամբ փաստաթուղթ:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ պարզաբանել է, որ խոսվում է երկու փաստաթղերի մասին՝ նախագծման և շինարարական թույլտվության: Ծառուկյանի ընկերությանը շինթույլտվություն տվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2018-ի փետրվարի 16-ին, բայց դրանից 3 օր անց վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության քաղաքացու հայցն ընդդեմ ընկերության, և վարույթն ընդունելու պահից նույն Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությունը կասեցվել է:
Խոսելով Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աղմուկ բարձրացրած հանդիպումից, Ծառուկյանը նշել է, որ արաբ գործընկերները դժգոհությամբ են հեռացել:
Քաղաքապետի խոսնակը հայտարարել է՝ անկախ հանդիպման ընթացքում տեղի ունեցած ինչ-ինչ անհարթություններից, քաղաքապետ Մարությանը վերահաստատել է իր պատրաստակամությունը գործընկերության վերաբերյալ:
Կարապետյանի փոխանցմամբ Մարությանը ներդրողներին ասել է, որ քաղաքը կենտրոնում տարածք չունի, առաջարկել է բանակցել մասնավոր սեփականատերերի հետ կամ էլ շինարարություն անել քաղաքի կենտրոնից դուրս: